Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման և դրա՝ համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ առնչություն ունենալ չէր կարող։ Ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են և անհիմն», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում էր հայտնվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին ատրգործնախարար Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում էին ներքաղաքական թեմաներ։
Այս առնչությամբ Լևոն Զուրաբյանը և Վարդան Օսկանյանը հայտարարություններ են տարածել՝ պետական մարմիններին մեղադրելով առանձնազրույցի գաղտնալսման մեջ։
«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու և վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի և իմ մասնավոր զրույցը և Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից», – կիրակի օրը տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, հայտարարել է Լևոն Զուրաբյանը՝ գաղտնալսման փաստը գնահատելով Սահմանադրությանը հակասող և ապօրինի և պահանջելով «քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»։
Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել Ֆեյսբուք սոցցանցի իր էջում՝ մասնավորապես նկատելով․ – «Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: [․․․] Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար»։
Նախկին արտգործնախարարը ևս այս արարքը գնահատել է ապօրինի և իրավապահներին կոչ արել «հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին»։









































