Այսօր Նյու Յորքում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միջոցառումը տեղի կունենա Առևտրի նոր համաշխարհային կենտրոնի տարածքում: Առավոտյան ժամը 8.46-ին, երբ 13 տարի առաջ առաջին օդանավը մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակի մեջ, կհայտարարվի լռության րոպե Նյու Յորքի բոլոր բնակիչների համար: Զոհերի հարազատները կընթերցեն նրանց անունները:
Կարտասանվի 2983 անուն՝ հենց այդքան մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով: Անունների ընթերցումը կընդհատվի մի քանի լռության րոպեներով՝ 9.03-ին, երբ երկրորդ օդանավը մխրճվեց հարավային աշտարակի մեջ, 9.37-ին՝ Պենտագոնի վրա ահաբեկիչների հարձակման ժամանակ, 9.59-ին՝ հարավային աշտարակի անկման ժամանակ, 10.28-ին՝ հյուսիսային աշտարակի անկման ժամանակ:







































