Վենեսուելայում կալանավորվել է ավելի քան 500 մարդ՝ Կոլումբիայի հետ սահմանին սննդի, վառելիքի ու «ռազմավարական կարևոր նշանակության նյութերի» մաքսանենգության մեղադրանքով: Այս մասին երեկ հայտնել է հանրապետության գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան:
Օգոստոսի կեսին վենեսուելական բանակը սկսեց անցկացնել Կոլումբիայի հետ սահմանին մաքսանենգության դեմ պայքարի գործողություն, որում ներգրավված էր 17 հազար զինծառայող:
Միաժամանակ, հայտարարվել էր սահմանը գիշերով հատելու արգելքի մասին՝ ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար մեքենաներով:
Սահմանափակումները գործելու են մինչև սեպտեմբերի կեսը, ինչից հետո հնարավոր է դրանք երկարաձգել:
Վենեսուլայի իշխանությունների տվյալներով՝ մինչև գործողության մեկնարկը Կոլումբիայում բենզինի մաքսանենգությունը հասնում էր օրական 100 հազար բարելի:
Վենեսուելայում ավտոմոբիլային վառելիքը արդեն երկար ժամանակ ամենաէժաններից մեկն է աշխարհում:







































