Սեպտեմբերի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցելու են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կներկայացվեն շուրջ 17 զեկույցներ: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում:
Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում և նրա վրա ազդող գործոնները» և «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման և հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի վրա: Գիտաժողովի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար:








































