«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության օժանդակությամբ և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ, այսօր ներկայացվեց Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծությունը՝ Հայաստանի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ։ Վերլուծություններով հանդես եկան ՏՀԿ տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը և ՏՀԿ ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը։ Դավիթ Շահնազարյանը խոսեց Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևորագույն ասպեկտների շուրջ:
Մասնավորապես անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց՝ Դավութօղլուի հոդվածից պարզ դարձավ, որ Թուրքիան փորձում է թե Հայաստան պետության, թե Սփյուռքի հետ համաձայնության գալ անցյալի վերաբերյալ:
«Ցավոք, Էդուարդ Նալբանդյանի հոդվածը նույնպես այդ հարթության մեջ էր: Կարծում եմ՝ սա ճիշտ չէ որպես քաղաքականություն, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկան և ապագան պատմության մեջ գտնելն անհնար է, չկա, սա հենց Ցյուրիխյան արձանագրությունների ամենաթույլ կետն էր, սա առաջին սխալն է, որ հիմա կատարվում է Թուրքիայի կողմից: Գուցե իրենց համար ճիշտ է, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանը պետք է խաղա այդ դաշտում և ցույց տա, որ պատմության վերաբերյալ մենք համաձայնության գալ չենք կարող: Եթե դա Թուրքիայի իշխանությունները փորձում են անել Սփյուռքի հետ, ապա թող անեն, բայց ՀՀ իշխանությունները հայտարարել են՝ առանց որևէ նախապայմանի երկու պետությունների միջև հարաբերություններ, պետք է շարունակել դա:
Ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններում միջնորդների կարիք չունենք: Դուք հիշում եք 2008 թ. հուլիսին Սերժ Սարգսյանի այդ սենսացիոն հայտարարությունից հետո, երբ սկսվեց, ըստ էության, ֆուտբոլային դիվանագիտությունը, գործընթացը, միանգամից հայտնվեցին միջնորդներ՝ «պատահաբար» ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն էին գումարած Շվեյցարիան: Փորձն արդեն ցույց տվեց, որ միջնորդները որևէ դեր չկարողացան խաղալ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Ավելին՝ տեսանյութում:








































