armtimes.com-ը գրում է. «Վերջին տասնամյակներում Հայաստանում բազմաթիվ դատապարտելի, եղկելի, գարշելի իրադարձություններ են տեղի ունեցել: Բայց այն, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում դերասանուհի Անժելա Սարգսյանի շուրջ, թերևս բացառիկ է իր մասշտաբներով: Նախ՝ մի քանի հացկատակներ ազգի կեսին առաջնորդեցին դերասանուհու ննջարան՝ մի քանի ավել քլիք շահելու մոլուցքով, հիմա էլ, ով ուզում է ուշադրություն գրավել, մի ինչ-որ բան է գրում, որտեղ կշոշափվի դերասանուհու անունը՝ հնարավորինս աղմկահարույց ինչ-որ գործողություն նրան վերագրելով: Թե այդ գրվածքներից ո՞ր մասն է իրական, ո՞րն է լրիվ հորինվածք, չենք էլ կարող ասել: Դա կարող են ասել այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ նյութերով, երբևէ գնացել են դրաց ետևից, երբևէ ինչ-որ բան նայել կամ կարդացել են այդ թեմայով:
Բայց նրանք, ովքեր ոչինչ չեն կարդացել և չեն ծիկրակել դեպի ուրիշի ննջարան և միայն ակամա հանդիպել են վերնագրերի, այնպիսի տպավորություն են ստանում, թե համազգային որս է սկսված այս կնոջ նկատմամբ: Մարդկային մի մեծ ոհմակ՝ ծանոթ-անծանոթ, առիթ-անառիթ, հայտնի-անհայտ՝ վերցնում-դնում, հայտնում-հաղորդում, վստահեցնում-հավաստիացնում են իրենց իմացած բացառիկ ճշմարտությունը Անժելա Սարգսյանի մասին: Ու սա արդեն նմանվում է խելագարության, զանգվածային ստորության, համատարած շեղվածության: Բոլորը ինչ-որ մոռացել են, որ մարդիկ անձնական կյանք և այդ անձնական կյանքը օտար աչքերից պաշտպանելու իրավունք ունեն: Բոլորն իրենց իրավունք են վերապահում ներս նայել այս, հատկապես այս մի մարդու ննջարանի պատուհանից ու բանալու անցքից:
Հոդվածն ամբողջությամբ՝ armtimes.com-ում







































