«Դիպուկահարներին հետ քաշելու կոչերը բարձրացվել են միջազգային տարբեր չինովնիկների կողմից և հասցեագրված են եղել հակամարտության բոլոր կողմերին: ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ, սակայն, խոսքը շփման գծից մեր դիպուկահարների միակողմանի հետքաշման մասին էր: Կարծում եմ, որ լարվածության նվազեցումը երկու կողմի շահերից է բխում և կողմերը միաժամանակ պետք է քայլեր ձեռնարկեն հակամարտության գոտում իրադարձության նորմալացման ուղղությամբ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի դիպուկահարներին հետ քաշելու կոչին` ուղղված միայն հայկական կողմին, կարծիք հայտնեց ԼՂ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Մայիլյանի գնահատմամբ, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու միակողմանի քայլերը վտանգավոր են, ինչպես նաև ճիշտ չեն ընկալվի Ադրբեջանի կողմից. «Բարի կամքի միակողմանի ժեստերը կարող են արդյունավետ լինել այլ իրավիճակներում: Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իրադարձությունների զարգացման ռազմական սցենարից և հավատարիմ է «կամ խաղաղություն ադրբեջանական պայմաններով, կամ պատերազմ» սկզբունքին, հայկական կողմի միակողմանի բարեկամական գործողությունները Բաքվում չեն գտնի դրական արձագանք: Ավելին` նման քայլը ադրբեջանական ղեկավարության կողմից կարող է գնահատվել թուլության նշան»:











































