Ֆլորիդայում ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա դպրոցականին դպրոց գնալուց հրաժարվելու պատճառով` հայտնում է ABC15-ը: Իրավապահներին կանչել է դպրոցականի մայրը: Կինը ոստիկաններին հայտնել է, որ տղային արդեն զրկել է համացանցի հասանելիությունից, բջջային հեռախոսից և համակարգչից, բայց նա, միևնույն է, հրաժարվում է դպրոց գնալ:
Ոստիկանները տղային, որի անունը չի հրապարակվում, սպառնացել են ձերբակալել, եթե դպրոց չգնա: Ի պատասխան՝ դեռահասն ասել է, որ միևնույն է՝ չի պատրաստվում դպրոց գնալ: Ոստիկանները տղային ձեռնաշղթա են հագցրել ու տարել բանտ: Ավելի ուշ նրան տեղափոխել են նահանգի Անչափահասների արդարադատության դեպարտամենտ, հետո վերադարձրել մորը:
Տղան հրաժարվել է դպրոց գնալ Ֆլորիդայում, որովհետև ցանկացել է սովորել Նյու Յորքում, որտեղից ընտանիքը մի քանի ամիս առաջ է տեղափոխվել: Մոր խոսքով՝ Նյու Յորքում տղան հաճախ է բաց թողել դասերը, վատ է սովորել:
Բանտը տղային ստիպել է դասի գնալ, թե ոչ՝ հայտնի չէ:









































