Եգիպտոսն առաջարկում է Սինայի թերակղզում իր տարածքների հաշվին 5 անգամ ընդլայնել Գազայի հատվածը՝ այնտեղ ապագա պաղեստինյան պետություն ստեղծելու համար: Այս մասին հայտնում է իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ այս գաղափարի հեղինակը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին է, որը, սակայն, աջակցություն չի գտել գլխավոր հասցեատիրոջ՝ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի կողմից:
«Եգիպտոսի նախագահը Աբասին առաջարկել է ծրագիր, ըստ որի՝ Եգիպտոսը Գազայի հատվածին 1.600 քկմ տարածք կհատկացնի, ինչն անկլավի տարածքը կընդլայնի 5 անգամ: Այնտեղ պետք է ստեղծվի պաղեստինյան պետություն՝ Պաղեստինյան վարչակազմի ամբողջական վերահսկողության ներքո»,- ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ, որը պատկանում է Իսրայելի Պաշտպանության բանակին:
Գազայի հատվածը, որտեղ 350 քկմ-ի վրա ապրում է 1.7 մլն մարդ, ՀԱՄԱՍ-ի իսլամիստների իշխանության տակ է, որը պայքարում է Աբասի և նրա ՖԱԹՀ շարժման դեմ՝ պաղեստինյան տարածքներում վերահսկողության համար: Նախատեսված եգիպտական ծրագրով՝ պետությունը պետք է զինաթափվի ու նոր տուն դառնա աշխարհով մեկ սփռված միլիոնավոր պաղեստինցի փախստականների համար՝ հայտնում է «Գալեյ ՑԱԽԱԼ»-ը:









































