Մոլդովայի և Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը վերաբերող Ուելսի ձևակերպումները չեն համապատասխանում ՄԽ եռանախագահների արտահայտած գաղափարներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում գերակայող տարածքային ամբողջականության սկզբունքին:
Նախարարը նշեց, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ, առավել աջակցություն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս հայտարարվել են նաև հինգ հայտնի հայտարարությունների միջոցով նախագահների մակարդակով, որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին:
«Պետք է նշեմ, որ երկու համանախագահները անդամ են նաև ՆԱՏՕ-ին, չնայած դրան՝ ՆԱՏՕ վերջին գագաթնաժողովների ընթացքում, գագաթնաժողովից գագաթնաժողով որոշ փոփոխություններով և վերջին Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթը, որը վերաբերում է Մոլդովային և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ձևակերպումներ են ներառվել, որոնք ընդհանրացված սելեկտիվ մոտեցումներ են արտահայտում և չեն համապատասխանում եռանախագահների կողմից արտահայտված գաղափարներին, առաջարկներին, մոտեցումներին, չեն համապատասխանում նաև այն հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել էին վերջին տարիներին ԵԱՀԿ շրջանակներում: Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին, դա վնաս է հասցնում տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը և նաև՝ Ադրբեջանի դիրքորոշմանը՝ այն իմաստով, որ փաստորեն Ադրբեջանը առավել և առավել կտրվում է իրականությունից և փաստորեն իր ռազմատենչ քաղաքականությամբ ի հակառակ է գնում միջազգային հանրության մոտեցմանը հիմնախնդրի կարգավորման գործում:
Դուք գիտեք՝ եռանախագահներն ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային հանրության մանդատը՝ միջնորդության իմաստով: Ընտրովի մոտեցումը միջազգային իրավունքի սկզբունքներին հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- ասաց նախարարը:









































