Հայաստանի պետական բյուջեն չի հավաքվում, ընդ որում` այնպիսի ծավալներով, որ վիճակագրական աճպարարություններով ծածկել հնարավոր չէ, և իշխանությունները ստիպված են խոստովանել բարձրաձայն, որ բյուջեն չի հավաքվում:
Իսկ որտեղի՞ց հավաքվի, եթե բյուջե հավաքելու համար պետք է տնտեսություն ունենալ, իսկ ՀՀ-ն տնտեսություն չունի: Այն, ինչ մենք տնտեսություն ենք համարում, դա ընդամենը պայմանական հասկացություն է, իսկ իրականում ՀՀ-ի տնտեսություն կոչվածը ընդամենը ՌԴ տնտեսական կցորդն է, ծայրամասը, փակուղին, որտեղ ինչ-որ բան շարժվում է, երբ ՌԴ-ում մինչև պռունկը լցվում է տնտեսությունը: Այդ ժամանակ այլևս ՌԴ-ում տեղ չկա, և ինչ-որ բան հասնում է նաև ծայրամաս, գավառ, փակուղի` լցնելով այն և ստեղծելով երկնիշ աճ: Ըստ էության, հենց դա էր ՀՀ-ում մինչև 2008 թվականը երկնիշ տնտեսական աճի գրավականը: Այսինքն` նավթի ու գազի բարձր գների հաշվին ՌԴ տնտեսությունը լցվել էր, և ինչ-որ բան սկսեց նաև ծայր հոսել՝ լցնել փակուղին: Հետո համաշխարհային տնտեսական ճգնաժամի և նավթի նվազող գնի արդյունքում ՌԴ տնտեսությունը, ՌԴ գանձանակը սկսեց դատարկվել, և հետն էլ դատարկվեց ՀՀ տնտեսությունը՝ արձանագրելով 14% անկում:
Այսօր էլ, ՌԴ տնտեսությունը դատարկվում է, սակայն արդեն ոչ թե համաշխարհային ճգնաժամի արդյունքում, այլ համաշխարհային պատժամիջոցների, որոնք հետևանքն են այն աշխարհաքաղաքական ճգնաժամի, որ իր գործողություններով հարուցել է ՌԴ-ն: Արդյունքում` ՌԴ դեմ ազդեցիկ և ավելի ու ավելի խստացող պատժամիջոցներ, արդյունքում ռուսական ընկերությունների համար ֆինանսական կորուստներ և բարդություններ, և այդ ամենի արդյունքում էլ ազդեցություն ՀՀ վրա, քանի որ նվազում են ռուսական տրանսֆերտները, որ ուղարկում են մեր քաղաքացիները իրենց հարազատներին, և բացակայում են այն ներդրումները, որոնց վրա հույս էին դրել ՀՀ իշխանությունները:
Չեն արդարանում ռուսական նավթային գերհսկա «Ռոսնեֆտի» հետ կապված հույսերը, որոնք երեկ խոստովանել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտի» բանվորների գլխի տակ հերթական փափուկ բարձը դնելիս: ՌԴ-ն էլ ՀՀ իշխանությունների գլխի տակ էր այդ բարձը դրել` խոստանալով ներդրումներ, խոստանալով գումարներ, որոնք կարթնացնեին տնտեսությունը և կմեղմեին սոցիալական վիճակը:
Հիմա ՀՀ իշխանությունները հայտնվել են այն վիճակում, որում արդեն տարիներ շարունակ «Նաիրտի» բանվորներն էին, որոնց այդ իշխանության ներկայացուցիչներից մեկը «համբալ» էր անվանում: Ներկայումս «Նաիրիտի» բանվորների վիճակում հենց ՀՀ իշխանություններն են, որովհետև ռուսական գումարները չեն գալիս, վտանգ կա նաև, որ եղածն էլ կարող է գնալ, երբ ՌԴ-ում պատժամիջոցների հետևանքները ավելի սրվեն, և հարկ լինի արդեն նախորդ տարիներին ծայրամաս հոսած գումարները վերադարձնել` «մետրոպոլիան» կոլապսից փրկելու համար:
ՀՀ իշխանությունները չեն կարող ռուսական ընկերություններին խոստումներ կամ ներդրումային պարտավորություններ հիշեցնել: Նրանք այդ համարձակությունը, այդ կշիռը չունեն: Եթե ունենային, ապա հենց սկզբից ՀՀ տնտեսությունը չէին դնի ամբողջովին մեկ պետության ենթակայության տակ, այն էլ մի պետության, որը չի առաջնորդվում քաղաքակիրթ աշխարհի խաղի կանոններով և կապիտալը օգտագործում է բացառապես քաղաքական մահակի կարգավիճակում:
Ըստ էության, խնդիրը այստեղ որևէ պարտավորություն հիշեցնելու համարձակությունն էլ չէ, որովհետև, ի վերջո, տնտեսության մեջ պատահում են օբյեկտիվ ցնցումներ ու վայրիվերումներ, եթե մի պահ վերանանք ՌԴ մեկուսացման գործընթացից: Ու հենց նման ապակայունացումներից երաշխավորվելու համար է, որ զարգացած երկրները դիվերսիֆիկացնում են տնտեսական հոսքերը և ենթակառուցվածքները, և հենց դրա շնորհիվ են նաև զարգացում ապահովում, դիմադրունակություն ապահովում, դրա շնորհիվ է, որ ճգնաժամերը առաջացնում են խնդիրներ, սակայն տնտեսություն չեն փլուզում, ինչպես ՀՀ-ում փլուզվեց և ինչպես այսօր փլուզման վտանգի առաջ է: Որովհետև ՀՀ տնտեսությունը չունի այլընտրանքներ:
Բավական չէ քրեաօլիգարխիան ներքին դաշտն է մոնոպոլացրել և բաժանել մասերի, դեռ մի բան էլ տնտեսությունն ամբողջությամբ կապվել է մեկ երկրից՝ ՌԴ-ից, դրվել նրա գերիշխանության տակ և փոքր ցնցումը ՌԴ-ում մեծ ցնցման է վերածվում ՀՀ-ում: Իսկ ՌԴ տնտեսությունն այսօր բոլորովին էլ փոքր ցնցման մեջ չէ, ուրեմն կարելի է պատկերացնել ՀՀ տնտեսական ռիսկերը:
ՀՀ-ում այլընտրանքի ճգնաժամ է, այլընտրանքի բացակայության ճգնաժամ: ՀՀ-ն չունի «պահեստային» գիծ, չունի «դվիժոկ», որը գործի կգցի հիմնական «էներգամատակարարումն» անջատվելու կամ խափանվելու դեպքում: ՀՀ-ն, օրինակ, Իրան-Հայաստան գազատարն անգամ չկարողացավ այլընտրանք դարձնել ռուսական գազին:
Եվ ընդհանրապես, այսօր ՀՀ-ում այլընտրանքի ճգնաժամ է` ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական իմաստով: ՀՀ-ում չկա նաև քաղաքական այլընտրանք՝ այլընտրանք այն քաղաքական կապիտուլյացիային, որ ընտրել են ՀՀ իշխանությունները և գնում են ՌԴ հետ մեկուսանալու: Այս կուրսը որևէ դիմադրության չի արժանացել ՀՀ-ի քաղաքական, այսպես ասած, հիմնական դաշտում, ինչն էլ ինքնին խոշոր պատճառներից մեկն է այն տնտեսա-քաղաքական աղետի, որի շեմին է հայտնվել ՀՀ-ն` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես տարածաշրջանային սուբյեկտ: Ի վերջո, պետք է խոստովանել, որ տարիներ շարունակ ՀՀ-ում քաղաքական դիմադրության չի արժանացել երկրի տնտեսությունը քայլ առ քայլ ՌԴ-ից ամբողջությամբ կախելու, ռազմավարական տնտեսական հենակետերը ՌԴ-ին հանձնելու քաղաքականությունը:
Այլընտրանքը ներկայումս արդեն տեսական անհրաժեշտություն չէ, այլ կենսական հրատապություն: Եվ ակնհայտ է նաև, որ տնտեսական այլընտրանք այլևս հնարավոր չի լինի վերականգնել առանց քաղաքական այլընտրանքի հստակ, գուցե բոլորովին էլ ոչ մեծամասշտաբ, բայց առավելագույնս հստակ և պետական ու ազգային շահի ռազմավարության տեսանկյունից հայեցակարգված դրսևորմամբ:









































