Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ`թուրքական զորանոցներից մեկում գրանցվել է զինծառայողի կասկածելի մահվան հերթական դեպքը: 22-ամյա զինծառայող Բեքիր Յըլմազը հրազենով ինքնասպանություն է գործել Անթալիա նահանգի Աքսու շրջանում գտնվող Ժանդարմերիայի զորանոցում:
Նրա դիակն ուղարկվել է դատա-բժշկական փորձաքննության: Տարվում է հետաքննություն: Այս կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ վերջին 10 տարում զորանոցներում ինքնասպանություն է գործել 965 զինծառայող և Բեքիր Յըլմազը թվով 966-րդն էր:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի սկզբին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին 10 տարիներին Թուրքիայի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 934 դեպք: Նշվել էր, որ վերջին 10 տարիներին, ընդհանուր առմամբ, մահացել է Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի 1470 ներկայացուցիչ:
Զինծառայողների մահվան պատճառների թվում նշվում են զենքի հետ անզգուշաբար վարվելը, զինծառայության ժամանակ ստացած վնասվածքները, ինքնասպանությունները, դժբախտ պատահարները, հրդեհները և ջրահեղձ լինելը: Սակայն մահացության դեպքերի գերակշռող մասը բաժին է ընկել ինքնասպանություններին:











































