Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` վրացի պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին լրագրող Իրմա Նադիրաշվիլին երեկ սկանդալային տեղեկատվություն է տարածել, որը հայտնի է դարձել նրա կուսակցությանը:
Ըստ այդ տեղեկատվության` Վրաստանի նոր կառավարությունը, որը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել է երկրորդ ինքնաթիռից, պատրաստվում է նոր ինքնաթիռ գնել իր համար: Նադիրաշվիլիի խոսքերով` նախկին մարտական օդաչու էդուարդ Գոգաշվիլին նոր կառավարության և անձամբ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հրահանգով դեկտեմբերի 16-21-ին մեկնել է Ֆրանսիա` այդ ինքնաթիռի գնման շուրջ բանակցություններ վարելու:
Նադիրաշվիլին այդ փաստը որակել է «ամոթալի»` հատկապես ՊՆ-ի ներկայացուցչի այն հայտարարության ֆոնին, թե գումարները չեն բավականացնում զինծառայողների սննդի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նոր կառավարությունը հայտարարել էր, որ Սաակաշվիլին ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող պետական օդանավով բազմիցս մեկնել է առողջարաններ, և այդ ամենն իրականացվել է բյուջեի հաշվին:








































