Դատարանը թույլ է տվել Մասաչուսեթսի 23-ամյա բնակիչ Չժան Չժիցզյունին վարել Maserati ավտոմեքենան՝ ոճավորված Մայքլ Բեյի նույնանուն ֆիլմի ոստիկանական տրանսֆորմեր ավտոմեքենայի նմանությամբ։
Ինչպես հաղորդում է New York Post-ը՝ օգոստոսի 9-ին իրավապահները երիտասարդին մեղադրանք էին ներկայացրել այն մասին, որ նա անօրինական կերպով ոստիկանական խորհրդանիշ է օգտագործել իր ավտոմեքենան զարդարելու համար։
Սակայն Չժիցզյունն առարկել է՝ ասելով, որ իր Maserati-ն նմանակում է ոչ թե կարգի պահապանների փոխադրամիջոցները, այլ «Բարիկադ» կոչվող տրանսֆորմեր դեսեպտիկոնը։ Այդ մասին է վկայում, մասնավորապես ավտոմեքենայի դռան վրայի «Դեսեպտիկոնները պատժում և ստրկացնում են» գրությունը։
Անցած հինգշաբթի շրջանային դատարանի դատավոր Քուինսին վճռել է, որ երիտասարդը կարող է հետագայում նույնպես անարգել օգտվել իր ավտոմեքենայից, որովհետև նա չի ներկայացել իբրև ոստիկանության սպա և որևէ գործողություն չի ձեռնարկել ճանապարհային երթևեկության ուրիշ մասնակիցների նկատմամբ։








































