Հայաստանում արդարադատության համակարգում էական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա՝ նշվում է FIDH-ի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի երեկ հրապարակած համատեղ ամփոփագրում: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ այս համատեքստում ՀՀ իշխանություններին արվում են հետևյալ առաջարկությունները՝ ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա դատական որոշումներ կայացնելու պրակտիկան պետք է վերացվի, իսկ իշխանության մարմինները պետք է ապահովեն, որպեսզի խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջոցով կորզված ցուցմունքները վարույթի ընթացքում հիմք չընդունվեն:
Կոչ է արվում դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր դրսևորումները և վերանայել «Տիգրան Առաքելյանը և այլք» գործը՝ արդար դատաքննության ներկայիս ստանդարտների լույսի ներքո: Նաև կոչ է արվում ապահովել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների անկախ և մանրակրկիտ քննությունը, մասնավորապես՝ մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի մասով, ինչպես նաև պատշաճ հատուցում տրամադրել մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին:








































