Ուրբաթ օրը Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցվել է Վրաստանի հետ համագործակցության նոր ձևաչափի մասին որոշումը, որն այդ երկրին կօգնի պատրաստվել անդամակցությանը: «Եվրոպեյսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք համաձայնեցրել ենք Վրաստանի համար էական միջոցառումների փաթեթը: Այն երկրին կօգնի առաջընթացի հասնել դաշինքի անդամակցությանը պատրաստվելու գործում»,- ասել է Ռասմուսենը:
Միաժամանակ, նոր ձևաչափն անդամակցությունը չի դիտարկում որպես վերջնական նպատակ: Բացի Վրաստանից՝ դրան մասնակցում են Հորդանանը, Շվեդիան, Ֆինլանդիան և Ավստրալիան, որոնք դաշինքին անդամակցելու նպատակ չունեն:








































