Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը էլեկտրոնային փոստի միջոցով իր հրաժարականի մասին հայտարարություն է տարածել: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրի գլխավոր դատախազը նախօրեին ելույթ է ունեցել` նրան մեղադրելով խարդախության և վստահության չարաշահման մեջ:
Լիբերմանն ասել է, որ չնայած նրան, որ նման բան ինքը չի արել, այնուամենայնիվ, հրաժարվում է ԱԳ նախարարի և փոխվարչապետի պաշտոններից` հույս ունենալով, որ իր բարի անունը կվերականգնվի:
Լիբերմանը նաև խորհրդարանին է դիմել՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, որպեսզի հնարավորինս արագ հարցը դատարանում քննվի:
Երկրի գլխավոր դատախազությունը Լիբերմանի հանդեպ գործ է հարուցել՝ վստահության չարաշահման մեղադրանքով` նրան ազատելով ավելի ծանր հանցագործության` կոռուպցիայի մեղադրանքից: Ապացույցների անբավարարության հիմքով փակվել է 12 տարվա վաղեմության գործը, որի շրջանակներում ոստիկանությունը փորձում էր ապացուցել Լիբերմանի դստերը պատկանող կիպրական կազմակերպությունում խոշոր չափերի գումարների առկայության անօրինականությունը:
Միակ դրվագը, որը կմտնի դատարան, կապված է Բելառուսում Իսրայելի նախկին դեսպանի հետ, ով ավելի վաղ դատապարտվել էր՝ իբր Լիբերմանին գաղտնի փաստաթղթերի հետ ծանոթացնելու համար, որից հետո նա ԱԳՆ համակարգում բարձր պաշտոն էր ստացել։









































