Կոսովոյի լրագրող Վիսար Դուրիքին, որը մասնագիտացած է իսլամի հետ կապված հարցերում, հայտնել է մուսուլման արմատականների կողմից իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին, որոնք նրան խոստացել են գլխատել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Ես շատ սպառնալիքներ եմ ստացել, մեծ մասամբ՝ Facebook-ի միջոցով: Դրանցից որոշներում նրանք (արմատականները- խմբ.) սպառնում էին գլխատել ինձ: Ես հուսով եմ՝ մեր ոստիկանությունը սրան արագ կարձագանքի, քանի որ ես ինձ անվտանգ չեմ զգում»,- Agence France-Presse-ին ասել է Դուրիքին:
Իր հերթին, «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը չորեքշաբթի օրն իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որում «ծայրահեղ անհանգստություն» է հայտնել Դուրիքիի ճակատագրի առնչությամբ և ինքնահռչակ հանրապետության իշխանություններին կոչ արել ապահովել լրագրողի անվտանգության պատշաճ մակարդակը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին հրապարակվել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի մահապատժի տեսանյութը: Դրանից մոտ 2 շաբաթ առաջ «Իսլամական պետության» ծայրահեղականները համացանցում տեղադրել էին մեկ այլ ամերիկացի լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի սպանության մասին տեսանյութը:







































