Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ու նրա նախագահության մասին պատմող, այսպես ասած, հոբելյանական ֆիլմը` ԲՀԿ նախագահին պատկանող հեռուստաալիքի եթերում, Հայաստանում ակտիվացրին խոսակցությունները առաջիկա նախագահական ընտրություններում իշխող համակարգի թեկնածուների մասին, և վարչապետ նշանակվելուց հետո ակնհայտորեն հավանական թեկնածուների շարք անցած Հովիկ Աբրահամյանին հասարակական-քաղաքական դիտարկումներում միացել է Ռոբերտ Քոչարյանը՝ որպես 2018-ի նախագահության իշխանական հավանական ևս մի թեկնածու:
ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը խոսելով նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ թեկնածու դառնալու հավանականության մասին` հայտարարել է, որ ոչինչ մերժել չի կարելի, բայց որևէ նման քննարկում չկա և առաջարկ էլ չկա: Այսինքն` առաջարկ ստանալու դեպքում, ըստ երևույթին, ՀՀԿ-ում պատրաստ են քննարկել Քոչարյանի թեկնածության տարբերակները: Համենայնդեպս, Գալուստ Սահակյանը չի բացառում և եթե խոսում է առաջարկ չլինելու մասին, ապա ըստ էության ստացվում է, որ լինելու դեպքում այն քննարկելի է:
Գալուստ Սահակյանը հայկական ներքին քաղաքականության քրիստոմատեա կամ կտակարան չէ, սակայն նրա հայտարարությունները հաճախ են պարունակում իշխանական լայն շրջանակների կարծիք, և այս իմաստով շատ հետաքրքրական է, որ Սահակյանը, ըստ էության, մերժելի չի համարում Քոչարյանի ՀՀԿ-ի նախագահական թեկնածու դառնալը: Սահակյանի այս հայտարարությունից հետո հարց է առաջ գալիս՝ Սերժ Սարգսյանն է՞լ մերժելի չի համարում:
Ըստ էության, փաստորեն, կարծես առաջին անգամ հրապարակ է նետվում մի մտայնություն, որ Քոչարյանի հաջորդ նախագահությունը ՀՀԿ-ն չի բացառում, սակայն` իհարկե պայմանով, որ նա կլինի ՀՀԿ-ի թեկնածուն: Եթե անգամ սրան Ս. Սարգսյանը դեմ էլ լինի, ապա հայաստանյան քաղաքական նորագույն պատմության ընթացքում ՀՀԿ-ն ցույց է տվել, այսպես ասած` ՀՀԿ-ի կորիզը, որ իշխանությունը պահելու համար չի զլանա հանձնել իր որևէ մի առաջնորդի: ՀՀԿ-ն, ըստ էության, կուսակցական «գույքը» վաճառքի հանելու հարուստ փորձ ունի՝ Ֆունտի նման «նստել» է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իշխանությունում, նստել է Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյանի օրոք, իսկ ինչպես է նստել Ռ. Քոչարյանի օրոք, հետո բացարձակ նստել է Ս. Սարգսյանի օրոք:
Այնպես որ` եթե վաղը իշխանության մեջ այդպես նստած մնալու համար պետք կլինի Սերժ Սարգսյանին հանձնել՝ եթե Սարգսյանն ինքը դա չանի, ապա ՀՀԿ-ն դրան էլ կգնա: Գ. Սահակյանի խոսքերում, ըստ էության, հենց այս առաջարկն է Քոչարյանին: Այսինքն` ՀՀԿ-ի, այսպես ասած, կորիզը նրանից առաջարկի բացակայությունը մատնանշելով` ըստ էության ինքն է Քոչարյանին առաջարկում գործարք: Ս. Սարգսյանին չեն վստահում: Կամ չեն վստահում, որ նա 2017-18թթ. իշխանության վերարտադրությունը կրկին բացարձակապես կապելու է ՀՀԿ-ի հետ, կամ չեն վստահում, որ նա կկարողանա լուծել վերարտադրության հարցը և պահպանել իշխանությունը ներկայիս ստատուս քվոյով: Իսկ ԲՀԿ-ի հետ տեղերով փոխվել ՀՀԿ-ն չի ուզում: Այդ պատճառով էլ Քոչարյանին առաջարկում է ճանապարհ իր միջոցով, այսպես ասած` փորձված թանն է առաջարկում Քոչարյանին, հիշեցնելով նաև, որ իրենց համագործակցությունն է ապահովել նրա նախագահության տնտեսական ցուցանիշները:
Ռ. Քոչարյանին ՀՀԿ-ն, իհարկե, մտածելու բան է ասում, քանի որ ԲՀԿ-ի հետ քոչարյանական փորձերը չեն հաջողել: Նա փորձեց 2007 թվականին, սակայն ՀՀԿ-ն տեղի չտվեց, փորձեց 2012-13 թվականներին, ՀՀԿ-ն կրկին տեղի չտվեց: Այնպես որ` այս անգամ էլ ՀՀԿ-ի միջոցով փորձելու առաջարկը Ռ. Քոչարյանին իսկապես ընտրության առաջ դնում է: Սակայն այսօր, իհարկե, 2000 թվականը չէ, այսօր իրավիճակն արտակարգ չէ՝ 2000 թվականի նման, երբ հոկտեմբերի 27-ը դեռ «ծխում» էր, սակայն այսօր խաղն ավելի բազմազան է ու բարդ, քանի որ ՀՀԿ-ում այսօր կա նախագահության բավական ագրեսիվ հավակնորդ՝ Հովիկ Աբրահամյանը: Այս իմաստով, Գ. Սահակյանն անուղղակի առաջարկ անելով Ռ. Քոչարյանին ՀՀԿ-ին ապավինելու և հերթական անգամ գործարքի գնալու միջոցով իշխանություն վերցնելու մասին, ըստ էության հակադրվում է Հ. Աբրահամյանի նպատակներին, պլաններին, մտադրություններին ու ցանկություններին: Չէ՞ որ Հ. Աբրահամյանն էլ նախագահական հեռանկարներ է փայփայում ՀՀԿ-ի աջակցության հույսով:
Գալուստ Սահակյանի և Հովիկ Աբրահամյանի միջև դիմակայությունը նշմարվել է դեռևս Աբրահամյանի վարչապետության և Սահակյանի ԱԺ նախագահության արշալույսին, երբ պառլամենտում մի քանի սաբոտաժային երևույթներ տեղի ունեցան և առաջացավ մեծամասնության քվորումի բացակայություն կարևոր օրինագծերի քննարկումներում: Շատերը դա դիտարկեցին որպես Գ. Սահակյանի վրա ազդելու միջոց` այն տեսանկյունից, որ Աբրահամյանը չլինելով ԱԺ նախագահ, այնուամենայնիվ, ցույց է տալիս Սահակյանին, որ կառավարությունից էլ կառավարում է ԱԺ-ն և կարող է խնդիրներ առաջացնել նրա համար:
Այս տեսանկյունից, Ռ. Քոչարյանին ՀՀԿ-ից արվող անուղղակի առաջարկը ամենայն հավանականությամբ միատարր առաջարկ չէ: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ում առնվազն երկփեղկում է առաջանալու Քոչարյան-Աբրահամյան հնարավոր մրցակցության սրման դեպքում, այսինքն` ՀՀԿ-ի մի մասը այդ մրցակցության պարագայում ընտրելու է Ռ. Քոչարյանին, իսկ մյուս մասը՝ Հ. Աբրահամյանին: Առայժմ չի ուրվագծվում, թե որ մասն է ավելի շատ կամ ազդեցիկ:







































