Չի բացառվում, որ առաջիկայում ոչ իշխանական ուժերից Դաշնակցություն կուսակցությունը լքի խորհրդարանական քառյակը: Ամեն դեպքում, իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, ու կարծես թե այդ կուսակցությունն ինքն էլ դեմ չէ: Իսկ քառյակից դուրս գալն այնքան էլ ինքնանպատակ չէ, դա պետք է տեղի ունենա որոշակի փոխհատուցումների դեպքում, ինչի շուրջ էլ, «Ժամանակի» տեղեկություններով, այս օրերին քննարկումներ են ընթանում իշխող Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների միջև:
Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` իշխանությունները ՀՅԴ-ին կառավարությունում պաշտոններ են առաջարկում: ՀՅԴ-ն արդեն իսկ պաշտոններ ունի՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի և Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսի պաշտոնները: Եվ այժմ իշխանությունների և այդ կուսակցության ղեկավարների միջև թե նախարարական պորտֆելներ, թե այլ պաշտոններ ստանալու հետ կապված քննարկումներ են ընթանում: Իզուր չէ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարբերաբար հյուրընկալվում է նախագահականում և հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Պաշտոններ ստանալը, սակայն, դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն Հանրապետականի հետ կոալիցիա կկազմի: Միգուցե ինչ-որ հուշագիր կստորագրվի, կամ էլ այդ կուսակցության համար համագործակցության այլ ձևաչափ կհորինվի: Օրինակ` նման համագործակցության ինչ-որ ձևաչափում են գտնվում Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վերջինս իշխանություններին ակնհայտ չհակադրվելու համար թեև ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմում, բայց իրեն ոչ թե ընդդիմություն, այլ քաղաքագիտությանն անհայտ «այլընտրանք» է համարում: Եվ այլընտրանքային ԲՀԿ-ն այսօր կառավարությունում ունի նախարարական մեկ պորտֆել՝ սպորտի և երիտասարդության նախարարի:
Անցած տարի նախագահական ընտրություններից և նոր կառավարության կազմավորումից հետո այդ նախարարությունը ԲՀԿ-ից ետ վերցվեց, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց կոալիցիա մտնել, բայց այս տարի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից և այդ պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո այն վերադարձվեց այդ կուսակցությանը: Ճիշտ է, այս հարցում, ասում են, իր դերն է ունեցել նորանշանակ վարչապետը, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է և հանուն այդ կապի ու քաղաքականության մեջ ունեցած ընդհանուր շահերի փորձում է ԲՀԿ համար լայն հնարավորություններ ստեղծել: Չէ՞ որ ինքն իրականում այդ պաշտոնին է նշանակվել ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ իշխանությունների նկատմամբ ԲՀԿ-ի տևական ճնշումներից հետո:
ՀՅԴ-ի դեպքում էլ, ասում են, Հ. Աբրահամյանն իր դերն ունեցել է: Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին նա անընդհատ ազդեցություն է ունեցել նաև ՀՅԴ խորհրդարանական խմբակցության վրա: Նրա դրդմամբ` ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ միասին անընդհատ քննադատել է Տ. Սարգսյանին: Եվ ահա, Հ. Աբրահամյանը փորձում է այդ կառավարության ներկայացուցիչներին ներգրավել իր կառավարությունում, հատկապես որ Սերժ Սարգսյանը նրան գործունեության լայն հնարավորություններ է տվել: Խոսակցություններ կան, որ իշխանությունները ՀՅԴ-ին կառաջարկեն, օրինակ, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը:
Բայց այնպես չէ, որ այդ համագործակցությունը միայն Հ. Աբրահամյանն է ցանկանում: Այն ձեռնտու է նաև Ս. Սարգսյանին` հատկապես, որ այդպիսով կկարողանան քառյակից մի կուսակցություն պոկել և թուլացնել քառյակից բխող ճնշումները: Եվ իզուր չէ, որ ՀՅԴ-ն քառյակի մյուս երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» նման այդքան կտրուկ չի մերժում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Ճիշտ է, այդ կուսակցություններն իրենք էին պահանջում անցկացնել նման փոփոխություններ և Հայաստանում ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ, ինչն այդ փոփոխություններով հիմա առաջարկում են իշխանությունները, բայց այս երեք կուսակցություններն այժմ ընդդիմանում են դրան: Նրանք գտնում են, որ հիմա սահմանադրական փոփոխությունների համար հարմար պահ չէ, դրանից բացի` այդ փոփոխություններով իշխանությունները ցանկանում են ապահովել իրենց վերարտադրությունը: Իսկ ահա ՀՅԴ-ն այդպես չի կարծում: Այս կուսակցությունից մեկնաբանում են, որ եթե նախաձեռնված փոփոխությունները համապատասխան կլինեն իրենց հայեցակարգերին, ապա կողմ կլինեն: Իսկ այդ համապատասխանեցնելն այնքան էլ դժվար չէ, ինչին էլ հավանաբար նախապատրաստվում են այդ կուսակցությունն ու իշխանությունները:









































