ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո չի՞ հստակեցրել նախագահական ընտրություններին իր առաջադրվել-չառաջադրվելու հարցը, ասաց. «Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու չառաջադրվելու որոշումն անակնկալ չէր ինձ համար, ուստի և այն կողմնորոշիչ գործոն չէ:
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները շատ ավելի ընդգրկուն են և վերաբերում են ոչ միայն քաղաքական ուժերին ու գործիչներին, այլ նաև հասարակությանն ամբողջությամբ: Առաջադրվելու վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, քանի որ ներքաղաքական իրավիճակը դեռ ամբողջական տեսք չի ստացել` դա տեղի կունենա առաջիկա 8-10 օրերի ընթացքում»:
Ի պատասխան մեր հարցի, թե արտաքին քաղաքական իմաստով` Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան այսօրինակ ընտրությունները, երբ մրցակցային ոչ մի թեկնածու չի մասնակցում՝ ըստ էության բոյկոտելով և այդպիսով մեծացնելով Սերժ Սարգսյանի ընտրվելու շանսերը, Ա. Մելիքյանը նշեց.
«Այսօրվա պայմաններում Հայաստանում «ընտրություն» եզրույթն օգտագործելն անտեղի է. մեզանում ընտրությունները կեղծելու սովորույթն անձեռնմխելի է մնացել: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն ամեն դեպքում կլեգիտիմացնի «ընտրություններ» իշխանական միջոցառումը, նաև` արտաքին աշխարհի համար, այնպես որ` բոյկոտը չի ստացվի:
Պարզապես եթե չլինեն ինչ-ինչ անակնկալներ, ապա նույնիսկ կեղծիքների դիմելու հրատապ անհրաժեշտություն կարող է չառաջանալ: Զավեշտն այն է, որ իշխանությունները ստիպված են կեղծել անգամ այս դեպքում, քանի որ չեն կարող նախագահական «ընտրությունների» համար քվեարկողների ավելի քիչ թվաքանակ ներկայացնել, քան ներկայացվել էր վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:









































