Եթե ՀԱԿ-ի կողմից քննարկման հրավեր լինի, ապա կքննարկենք. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Հարցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է, որ ընդունեն ՀԱԿ-ի առաջարկը` քննարկումներ անցկացնելու, պատասխանեց, որ բոլորի հետ էլ քննարկումների մեջ են: Նա հիշեցրեց, որ քննարկումներ են ունեցել և ՀՅԴ-ի, և ԲՀԿ-ի հետ:
«Մենք երբևէ քննարկումներից չենք հրաժարվել. եթե քննարկման հրավեր լինի` կքննարկենք»,- նկատեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափի
վերաբերյալ: Կուսակցությունը հստակեցրեց, որ գալիք ընտրություններում չի ունենալու նախագահի թեկնածու և չի սատարելու որևէ թեկնածուի: ԲՀԿ որոշման հրապարակայնացումից հետո ինտենսիվացան խոսակցություններն այն մասին, որ ՀԱԿ-ը պետք է համախմբի ՀԱԿ-ից հեռացած քաղաքական ուժերին:








































