Գյումրիում «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը մինչև տարեվերջ մեկնելու է Հայաստանից: Այսօր այդ մասին Ա. Զաքարյանն անձամբ հայտնեց «Առաջին լրատվական»-ին: Նա չմանրամասնեց, թե որ երկիրն է մեկնելու, սակայն ասաց, որ Ռուսաստան չի գնալու:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նա մեզ հետ զրույցում չէր բացառել, որ կարտագաղթի: Ա. Զաքարյանի խոսքերով` ինքն արդեն ունի մեկնելու տոմսերը, բայց չցանկացավ կոնկրետ ասել, թե որ օրը և որ երկիրն է մեկնելու` Գերմանիա՞, Բելգիա՞, թե՞ Ամերիկա: Հայաստանից արտագաղթողները հիմնականում այդ երկրներ են գնում: Որևէ կերպ նա չցանկացավ մանրամասնել՝ եվրոպական, թե ամերիկյան մայրցամաք է մեկնելու:
Ա. Զաքարյանը կրթություն է ստացել Ֆրանսիայում, և չի բացառվում, որ հենց այդ երկիր էլ մեկնի: Ա. Զաքարյանը միայն ասաց, թե հաստատ քաղաքական ապաստան չի խնդրելու: Նա չցանկացավ նաև նշել, թե ինչ կարգավիճակով է մեկնելու` հրավե՞ր է ստացել, թե՞ աշխատանքային պայմանագիր ունի: Ավելացրեց, որ շուտով ամեն ինչ կասի:
Ա. Զաքարյանը նաև չբացառեց, որ մեկնելու է ընդմիշտ և իր հետ տանելու է ընտանիքին: Այնուամենայնիվ, նա չբացառեց նաև, որ կարող է վերադառնալ:










































