Ղրղզստանի կառավարությունը միաձայն հավանություն է տվել այն օրինագծերի փաթեթին, որոնք անհրաժեշտ են հանրապետության միանալուն Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի Մաքսային միությանը (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածությանը (ՄՏՏ), ասվում է կառավարության պաշտոնական կայքում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru–ն։
«Այսօր մենք ձեզ հետ պատմական որոշում ենք ընդունում մեր երկրի համար։ Մենք միաձայն ընդունել ենք օրինագծերի ամբողջ ցանկը և այսօր ուղարկում ենք երկրի՝ Մաքսային միության մեջ մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,- հայտարարել է վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը։
Կառավարությունը, փաստորեն, ամբողջ ծավալով իրականացրել է Մաքսային միության մեջ մտնելու իր պարտականությունները՝ 2014թ. մայիսի 29-ին Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ընդունված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան և Բիշքեկը նախատեսում են ստեղծել հիմնադրամ, որի միջոցները կծախսվեն Ղրղզստանի ինտեգրմանը Մաքսային միությանը։









































