«168 ժամ»-ը առաջնորդողում գրում է. «Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու հարցը որոշակիորեն դարձել էր Հայաստանում ժողովրդավարության վիճակի փորձաքար: Այն իմաստով, որ, եթե Ծառուկյանն իսկապես ազնվորեն և ոչ թե իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում էր ցանկանում առաջադրվել, ապա նրա այդ ցանկությանը խոչընդոտելը հերթական անգամ վկայելու էր Հայաստանում իրական ժողովրդավարության բացակայության, ժողովրդավարական շղարշի ներքո գործող կլանային հարաբերությունների մասին:
Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը և չի սատարելու որևէ թեկնածուի՝ դառնալով Հայաստանում ժողովրդավարության բացակայության զոհը: Գնահատականների մեջ չսխալվելու համար ստիպված ենք ևս մեկ անգամ նշել վերապահումը՝ եթե Ծառուկյանն անկեղծ էր նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մեջ, և եթե նա սուվերեն էր լինելու իր այդ քայլը կատարելու որոշման հարցում (փաստացի ստացվում է, որ Ծառուկյանն անձամբ էր ցանկանում այդ քայլին գնալ, այլապես իշխանությունը կպահանջեր նրա առաջադրումը): Գ.Ծառուկյանի այդ հայտարարությունը վկայեց Հայաստանում բիզնեսի և քաղաքականության, փողի և ազատության, հարստության և ինքնուրույնության փոխկապվածության և փոխբացառմւսն մասին: Փաստորեն, Հայաստանը մի երկիր է, որտեղ փողով կարելի է գնել գրեթե ամեն ինչ, բացառությամբ՝ ազատության և ինքնիշխանության՝ սեփական անձի և սեփական քաղաքական թիմի վերաբերյալ որոշումներ կայացնելու ինքնիշխանության: Որովհետև ՀՀ-ում մեծահարուստ՝ Գագիկ Ծառուկյանի մակարդակի մեծահարուստ կարելի է լինել միայն իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ: Իսկ իշխանությունն իրեն իրավունք է վերապահում թույլատրել կամ արգելել իր թողտվությամբ կուտակված կապիտալն օգտագործել այս կամ այն քաղաքական նպատակով: Գ. Ծառուկյանը՝ լինելով Հայաստանի ամեահարուստ մարդկանցից մեկը, իրականում նաև ամենաանազատ մարդն է: Նա այդպիսին չէր լինի, եթե համարձակություն ունենար չենթարկվել իրեն պարտադրված որոշմանը: Բայց համարձակությունը, ինչպես ազատությունն ու ինքնուրույնությունը, փողով չեն գնվում: Մարդը կամ լինում է այդպիսին, կամ չի լինում: Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, այդպիսին չէ:
Նախագահական ընտրություններում չառաջադրվելը Գ. Ծառուկյանին կապահովագրի՞, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր խոստանում, «բոմժ դառնալուց»՝ կախված է իրադարձությունների հետագա զարգացումից և իշխանության ցանկությունից: Ծառուկյանն այսօր կոտրեց հասարակության որոշակի հատվածի մոտ արմատավորված «հզոր գործչի» արհեստական ստերեոտիպը՝ ցույց տալով, որ Հայաստանում հզոր և թույլ լինում են իշխանության ցանկությամբ: Նա ապացուցեց, որ իր խոսքն ամենևին գործ չէ, և ինքը պատրաստ չէ հանուն վստահության՝ կորցնել ամեն ինչ, ինչպես հայտարարում էր բոլոր հարմար առիթներով: Նա կորցրեց գրեթե ամեն ինչ, բացի ունեցվածքից: Գուցե՝ առայժմ»:










































