Ամերիկացի գիտնականները բացահայտել են Մահվան հովտում տեղից տեղ շարժվող քարերի գաղտնիքը: Հետազոտողները պարզել են, որ քարերը հրում է կոտրված ապակու նման սառույցը, հայտնում է vesti.ru-ն:
Մինչև հիմա ոչ մի գիտնական չէր կարողանում բացատրել, թե ինչ անտեսանելի ուժ է հրում քարերի հարյուրավոր կտորները և հետքեր թողնում դրանց հետևից:
Նախկինում երկրաբանները ենթադրում էին, որ այդ տարօրինակ շարժի մեջ կարևոր դեր ունի քամու, անձրևի և սառույցի համադրությունը:
Գիտնականները 2013-ի դեկտեմբերին տեսել են, թե սառույցն ինչպես է շարժվել քարերի կողքով՝ հաճախ մասերի բաժանվելով, բայց հեշտությամբ քարերն առաջ հրելով: Ընթացքը չափազանց դանդաղ է եղել արագությունն աչքով որոշելու համար: Երբ սառույցը հալվել է, գիտնականները տեսել են 60-ից ավել շարժվող քարերի թողած հստակ հետքերը:
Հետո հետազոտության հեղինակ, օվկիանոսագետ Ռիչարդ Նորիսը Լա-Հոյայում Սքրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտից 2014-ի հունվարի 9-ին վերադարձել է այդ շրջան և տեսագրել թափառող քարերի շարժումը: Նրա տվյալներով՝ քարի ամենաերկար ճանապարհը եղել է 224 մ:
Այդ տարածքում քարերը շատ դանդաղ և հազվադեպ են շարժվում: Նորիսի խոսքով՝ դրանք կարող են շարժվել 1 րոպե և հանգիստ վիճակում մնալ 1 մլն րոպե: Գիտնականների խոսքով՝ դրանք շարժում է ջրի և սառույցի շատ հազվադեպ համադրությունը:







































