Լիբիայի կառավարությունը՝ վարչապետ Աբդալլահ Աթ-Թանիի գլխավորությամբ, հրաժարական է տվել, որպեսզի հնարավորություն տա հունիսին ընտրված խորհրդարանին նոր կառավարություն ձևավորել՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դա զուտ գործընթացային քայլ է: Աթ-Թինիի և խորհրդարանի միջև տարաձայնություններ չկան: Նա հաջորդ կառավարությունը ձևավորելու թեկնածու է»,- գործակալությանը հաղորդել է խորհրդարանականներից մեկը:
Լիբիայի քաղաքական կյանքը բարդանում է մի քանի օր առաջ հաստատված երկիշխանությամբ: Համընդհանուր ազգային կոնգրեսը պետք է ազատ արձակվեր նոր խորհրդարանի ընտրությունից հետո, սակայն օգոստոսի 25-ին հայտարարեց իր աշխատանքների վերսկսման մասին: Ստանալով իսլամիստական խմբավորումներից մեկի աջակցությունը՝ ՀԱԿ-ը վարչապետ է հայտարարել Օմար Ալ-Հասիին:
Այդ ժամանակ վարչապետի պաշտոն զբաղեցնող Աթ-Թանին հայտարարեց այդ քայլի անօրինականությունն ու որպես միակ իրավազոր մարմին նշեց խորհրդարանը, որը անվտանգության նկատառումներով տեղակայված է Թոբրուք քաղաքում:
Լիբիայում արդեն մի քանի ամիս շարունակ կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի և նախկին ապստամբների միջև: Շատ երկրներ տարհանում են իրենց քաղաքացիներին Լիբիայի տարածքից, փակվում են դիվանագիտական ներկայացուցչությունները:







































