Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing ինքնաթիռը կարող էր հարավ շրջվել ավելի վաղ, քան ենթադրում էին փորձագետները: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, նման վարկած են առաջ քաշել Ավստրալիայի իշխանությունները:
Երկրի վարչապետի տեղակալ Ուորեն Տրասի խոսքով՝ այդ ենթադրությունն ապացուցում են Boeing-ի հետ հեռախոսով կապվելու Malaysia Airlines-ի փորձերը, որ արվել են արդեն ինքնաթիռի անհետացումից հետո:
Ինչպես նշել է Տրասը, ներկայում ընթացող հետաքննությունը թույլ է տվել ոչ միայն հետևել այդ զանգին, այլև հավելյալ տվյալներ ստանալ ինքնաթիռի գտնվելու վայրի ու այն ուղղության հետ կապված, որով շարժվում էր:
Պաշտոնյան ընդգծել է, որ նոր տեղեկությունը չի հանգեցնի Հնդկական օվկիանոսում ինքնաթիռի որոնման վայրի փոփոխության, սակայն ստացված որոշ տեղեկություններ թույլ են տալիս ենթադրել, որ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ավելի հարավային ուղղությամբ ընկած գոտին:









































