Սիրիայում Մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության ՄԱԿ-ին կից հանձնաժողովը հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներն «ակնհայտ վտանգ են ներկայացնում Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող շրջանների խաղաղ բնակչության համար»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով հանձնաժողովի հերթական զեկույցին:
Զեկույցում ասվում է, որ ««Իսլամական պետության» անդամները մեղավոր են Հալեպ և Ռաքքա նահանգներում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների իրագործման համար՝ ներառյալ կտտանքներն ու սպանությունները… և (բնակչության) հարկադիր տեղահանությունը »:

Փաստաթղթում հաղորդվում է, որ «Իսլամական պետության» ջիհադականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հատկապես՝ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում «ուրբաթ օրերին հաճախ իրագործվում են մահապատիժներ, անդամահատումներ, ծեծեր»: Ծայրահեղականները խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կանանց և երեխաներին, ստիպում են հետևել այդ ամենին: «Սպանվածների մարմինները մի քանի օր դրվում են հրապարակային ցուցադրության, ինչն ահաբեկում է տեղի բնակչությանը: Կանայք ծեծի են ենթարկվել «Իսլամական պետության» սահմանած հագուստ կրելու ձևը չպահպանելու համար»,- նշվում է զեկույցում:
Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչները 10 տարեկանից սկսած հավաքագրում են երեխաների, հարձակվում են լրագրողների վրա:
Հանձնաժողովը նշում է, որ կառավարական ուժերի դեմ պայքարող այլ զինված խմբավորումներ ևս «շարունակում են խախտել մարդու իրավունքները, մասնավորապես՝ առանց դատարանի մահապատիժներ իրագործելով, նաև հրետանային գնդակոծություններ կատարելով առանց քաղաքացիական անձանց առանձնացնելու»:









































