Ֆրանսիայի նախագահը գերազանցել է ֆրանսիացիների շրջանում ոչ ժողովրդականության իր իսկ ռեկորդը։ Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական ինստիտուտի հարցման՝ երկրի քաղաքացիների միայն 17%-ն է հավանություն տալիս Ֆրանսուա Օլանդի գործունեությանը, ընտրողների մնացած 83%-ն «ավելի շուտ դժգոհ է» կամ նույնիսկ «բոլորովին դժգոհ է» նախագահի քաղաքական գծից։ Այս մասին գրում է ITAR-TASS-ը։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը, որը դեռ մի տարի առաջ մեծ ժողովրդականություն էր վայելում բնակչության շրջանում, ամռան ընթացքում լրջորեն կորցրել է ֆրանսիացիների վստահությունը։ Նրա վարկանիշն իջել է 15 կետով՝ մինչև 36%-ը։ Ի դեպ, դժգոհություն է նկատվում բոլոր տարիքային և սոցիալական կատեգորիաներում՝ ինչպես երիտասարդության, միջին տարիքի, այնպես էլ կենսաթոշակառուների շրջանում։









































