Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում oգոստոսի 10-ից 16-ն անցկացվել է նավամոդելային սպորտի մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 9 երկրների 102 մարզիկներ: Այդ մասին հայտնում է MSY.am-ը։
Արման Շահազիզյանը B1 դասում` օդային պտուտակով արագընթաց նավամոդել և A3 դասում` պտուտակով արագընթաց նավամոդել ձևերում դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: B1 դասում սահմանելով աշխարհի ռեկորդ՝ արագությունը ժամում 279 կմ, նա գերազանցեց եղբոր՝ Բաբկեն Շահազիզյանի ռեկորդը, որը B1 դասում գրավել էր երրորդ տեղը:
Երիտասարդների առաջնությանը Ռուբեն Աշիկյանը նվաճեց 3 արծաթե մեդալ: B1 դասում նա սահմանել էր համաշխարհային ռեկորդ, որը սակայն, գերազանցեց բուլղարացի մարզիկը:
Եվրոպայի առաջնությանը լավագույն մասնակցության և լավագույն արդյունք ցուցաբերելու համար Արման Շահազիզյանին շնորհվել է Վլադիսլավ Սուբոտինի (A3 դասի) եւ Ռադ Ռադևի (B1 դասի) անվանական «Լավագույն մարզիկ» գավաթները:
Մարզիկներին առաջնությանը նախապատրաստել էր Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Շահազիզյանը:






































