ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է իր ամենամյա՝ «Երեխայի դաստիարակության արժեքը» զեկույցը: Զեկույցի համաձայն՝ 2012 թվականի համեմատ երեխաների համար արվող ծախսերն աճել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախարարության զեկույցում հաշվի են առնվում երեխայի համար արվող ծախսերը մինչև նրա 18 տարեկանը, դրանք ներառում են սնունդը, բնակարանը, խնամքը, կրթությունը և այլն:
Ամերիկյան միջին եկամտով ընտանիքը պետք է իմանա, որ 18 տարվա ընթացքում 2013թ. ծնված իր երեխայի վրա պետք է ծախսի մոտ 245.000 դոլար: 2012-ի համեմատ՝ ծախսերն ավելացել են 1,8%-ով: Ինֆլյացիան հաշվի առնելով՝ ճշգրտումից հետո երեխայի դաստիարակության արժեքը կարող է հասնել 305.000 դոլարի: Ծախսերի մեծ մասն արվում է բնակարանի վրա՝ 30%, երեխաներին խնամելն ու կրթությունը՝ 18%, սնունդը՝ 16%:
Ծախսերը կախված են նահանգից. այն ցածր է գյուղական բնակավայրերում և հարավային քաղաքներում: Ծախսերն ամենից բարձր են (282.000 դոլար) հյուսիսարևելյան քաղաքներում: Ավելի հարուստ ընտանիքները կարող են երեխայի դաստիարակության վրա ծախսել միջինում 408.000 դոլար:











































