ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաք Միսսուրի նահանգի ղեկավար Ջեյ Նիքսոնի հրահանգով երկուշաբթի օրը ժամանել են ԱՄՆ ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումները: Նրանք ոստիկանությանը կօգնեն կարգը պահպանելու գործում, հայտնում է ITAR-TASS-ը:
Գվարդիականները պետք է պահպանեն միացյալ հրամանատարության քաղաքային շտաբը, որի վրա ավելի վաղ հարաձկվել էին ցուցարարները: Առայժմ չի նշվում՝ արդյոք ազգային գվարդիան կմասնակցի՞ Ֆերգյուսոնի այլ շրջաններում ևս ցուցարարներին զսպելուն:
Վերջին օրերին առավել լուրջ անկարգություններ, այդ թվում՝ կողոպուտ և վանդալիզմ է եղել: Հաղորդվում էր նաև, որ ցուցարարները հրազեն և Մոլոտովի կոկտեյլներ են կիրառել:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Սենթ Լյուիս քաղաքի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, որոնք ի նշան հարևան Ֆերգյուսոնում ոստիկանի կողմից 18-ամյա սևամորթի սպանության դեմ բողոքի՝ փակել են վարչական շենքի մուտքը: Հաղորդվում է նաև, որ քաղաքի ոստիկանությունն ազատ է արձակել Getty Images-ի աշխատակցին:









































