Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը օգոստոսի 18-ին այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին ասվում է երկուշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նախիջևանի օդանավակայանում Յըլմազի գլխավորած թուրքական պատվիրակությանը դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նա նշել է, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը հիմնված է ընկերական և եղբայրական հարաբերությունների վրա, որ այդ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու երկրների:
Այնուհետև Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել պաշտպանական ոլորտում տարածաշրջանային և այլ հարցերում համագործակցության վերաբերյալ: