ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ պատժամիջոցները կարող են չսահմանափակվել սննդամթերքի ներմուծման արգելքով, Ռուսաստանը կարող է սահմանափակումներ սահմանել նաև արդյունաբերական ապրանքների ներմուծման վրա: Այս մասին գրում է Vedomosti-ն`վկայակոչելով դաշնային երկու պաշտոնյայի:
Պաշտոնյաների խոսքերով՝ համապատասխան առաջարկությունը կառավարությունն արդեն հղել է նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ոլորտային պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, մի քանի օր անց կառավարությունը նախագահին զեկույց ուղարկեց` հնարավոր պատասխան պատժամիջոցների մեծ ցուցակով, սակայն Պուտինը հանձնարարելց սահմանափակել միայն սննդամթերքի ներմուծումը»,- ասել է պաշտոնյաներից մեկը:
Նրա խոսքով՝ հավելյալ պատժամիջոցները հնարավոր են, եթե ԵՄ-ն խստացնի իր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
Մյուս պաշտոնյան էլ նշել է, որ կառավարությունը այս առումով Պուտինից դեռևս հանձնարարություն չի ստացել:







































