Լոնդոնում Էկվադորի դեսպանատան (որտեղ 2012-ի հունիսից թաքնվում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը) մոտ ոստիկանական ջոկատների հերթապահությունը բրիտանացի հարկատուներին արդեն 7 մլն ֆունտ սթեռլինգ է արժեցել (11.7 մլն դոլար): Այս մասին հայտնել է Ասանժն ինքը` բրիտանական Mail on Sunday պարբերականի հետ հարցազրույցում:

Օգոստոսի 16-ին լրացել է ուղիղ 2 տարին, ինչ Կիտոն ավստրալացուն ապաստան է հատկացրել: Դեսպանատան շենքի մոտ գիշեր-ցերեկ 3 իրավապահներ են հերթապահում` պատրաստ նրան ձերբակալելու, եթե դուրս գա շենքից: Ասանժի խոսքերով` միայն ոստիկաններին վճարելու համար «Լոնդոնն ամսական 240 հազար ֆունտ է ծախսում» (400 հազար դոլար):
Ըստ նրա` դա «փողերի անիմաստ վատնում է» այն ժամանակաշրջանում, երբ աշխարհին սպառնում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:








































