Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Պարսից ծոցի Քիշ կղզում բացվում է Միջազգային ավիացիոն-արդյունաբերական 6-րդ ցուցահանդեսը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 14-ը: Ցուցահանդեսին մասնակցելու են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրներ: Պլանավորված է, որ իրանական կողմն այդ ցուցահանդեսում ներկայացնելու է ուղղաթիռների ու քաղաքացիական ինքնաթիռների նոր մոդելներ:
Բացի այդ, ներկայացվելու են նաև «միջին» և «կիսածանր» դասի ուղղաթիռների մոդելներ: Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության տնօրեն Մանուչեհր Մենտիգին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է արտահանել ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելիք ուղղաթիռների մոդելները:
Նա հավելել է, որ ներկայիս դրությամբ մշակման գործընթացում է գտնվում ուղղաթիռի ևս մեկ մոդել, որը պատրաստ կլինի հաջորդ տարի: Մենտիգիի խոսքերով՝ վերջին ժամանակներս Իրանը զգալի առաջընթաց է գրանցել ավիացիոն արդյունաբերությունում և օժտված է ուղղաթիռների, «Սթելս» տեխնոլոգիայով ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության տեխնոլոգիաներով: