Ուրբաթ օրը Լիբիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել երկրի ընտրված խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) և ազգային ճգնաժամի կարգավորմանը միջազգային միջամտության վերաբերյալ նրանց որոշման կողմնակիցների և ընդդիմադիրների զանգվածային ցույցեր՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Տրիպոլիում այդպիսի հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցարարների շարքերում պայթուցիկ սարք է գործարկվել՝ ավելի վաղ հայտնել էր SkyNews Arabia հեռուստաալիքը:
Ալիքի տվյալներով՝ ռումբը պայթել է հաջակցություն նոր կաբինետի՝ արմատական իսլամիստների դեմ: Հետո զինյալների մի խումբ կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ: Ըստ տեղեկության՝ տասնյակ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել:
Բենղազիում «Անսար աշ-Շարիա» արմատական խմբավորման հազարավոր ընդդիմադիրներ դուրս են եկել «Թիբեսի» հյուրանոցի մոտ: Սակայն ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:
Իսկ Միսուրաթա քաղաքում ուրբաթ օրը փողոցներ դուրս եկած ցուցարարները Լիբիայի իշխանություններից պահանջել են հրաժարվել արմատական իսլամիստական խմբավորումների հետ հակամարտության կարգավորման հարցում միջազգային ուժերի օգնությունից: Դիտորդների կարծիքով՝ այսպիսի արձագանք է առաջացրել տեղեկությունը, որ եկող շաբաթ պաշտոնական այցով Լիբիա կժամանի ԵՄ ներկայացուցիչ Բեռնարդինո Լեոնը, որը մտադիր է նպաստել բռնության դադարեցմանն ու հակամարտող կողմերի միջև խաղաղ երկխոսություն սկսելուն:
Լիբիայի ընտրված խորհրդարանի ընդդիմադիրները, որոնք ևս ուրբաթ օրը ակցիաներ են կազմակերպել երկրի խոշոր քաղաքներում, կարծում են, որ Ներկայացուցիչների պալատի նիստն անօրինական է և պետք է անցկացվի կամ մայրաքաղաքում, կամ Բենղազիում, ուստի պատգամավորների ընդունած բոլոր որոշումները չպետք է հաշվի առնվեն:





































