«Վերնիսաժի գործով» աղիքը կախված վիճակում՝ պատգարակով անմիջապես հիվանդանոցից դատարան տարված և կալանավորված Վալերի Հովհաննիսյանը օգոստոսի 13-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դուրս է գրվել և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահաբար պնդեց, թե իր որդին բնավ չէր ապաքինվել, և նրան իրավունք չունեին դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել այլ ՔԿՀ: Նրա հաստ աղիքը դեռ մարմնից դուրս, կախված վիճակում է, որին պարկ է կցված, և որոշ ժամանակ անց պետք է երկրորդ վիրահատությունը լիներ:
«Ամսի 13-ին առանց որևէ մեկին տեղեկացնելու, առանց իր փաստաբանի, բժշկի գիտության՝ նրան տեղափոխել են բերդի հիվանդանոց, որտեղ ոչ մի պայման չկա: Մենք գնացել էինք, որ իմանայինք, թե մեր տղան ոնց է իրեն զգում, մեզ անսպասելի ասացին, որ նրան տեղափոխել են»,- ասաց տիկին Լիան՝ հավելելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բժիշկն այս օրերին արձակուրդում է, և ոչ ոք չէր կարող ցուցում տալ, որ տեղափոխեին Վալերիին:
«Այդ ո՞վ նրանց ցուցում տվեց, որ տղայիս վիճակն արդեն լավ է և կարելի է տեղափոխել: Էդ հաստ աղիքը հե՞տ էր գնացել, պարկն էլ քաշվե՞լ էր, որ տեղափոխեցին: …Թե այդ ում հրահանգն են կատարում նորից, ինչ են անում՝ ես չեմ հասկանում: Անօրեն երկրում ենք ապրում, որտեղ մարդուն հեշտությամբ կարող են խոշտանգել»,- զայրացած ասաց տիկին Լիան:
Նա նաև նշեց, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի կողմից իրենց նկատմամբ սպառնալիքներն ու հետապնդումները չեն դադարել. նվազել են, բայց չեն վերացել:
Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենք այդ հարցում էական դերակատարություն չունեն: Իրենք գտնում են, որ Վալերին ինտենսիվ բուժում պետք է անցնի քաղաքացիական հիվանդանոցում, ոչ թե ՔԿՀ-ում, սակայն լիազոր մարմինն է տվյալ դեպքում որոշում կայացնողը: «Իրենք են որոշել, որ նա պետք է բուժումը շարունակի ՔԿՀ-ի բուժմասում, և տեղափոխել են»,- ասաց Բաղդասարյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ ինքը դիմել է առողջապահության և արդարադատության նախարարություններ, որպեսզի համապատասխան հանձնաժողովը որոշի, թե Վալերի Հովհաննիսյանն առողջական նման պայմաններում կարո՞ղ է բուժումը շարունակել ՔԿՀ-ում, թե՞ պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Սակայն այդ երկու գերատեսչություններից էլ առայժմ պատասխան չի ստացել:
Լուսանկարը՝ eMedia.am-ի








































