Վրաստանի իշխանությունները պատրաստ են աբխազների հետ հարաբերությունները սկսել նոր էջից՝ հաշվի առնելով Սուխումի շահերը: «Նովոստի Գրուզիա»-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Աբխազիայի հետ հակամարտության մեկնարկի հերթական տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Այսօր մենք պատրաստ ենք հաշտվել, պատրաստ ենք մեր աբխազ եղբայրների հետ հարաբերությունները նոր էջից սկսել: Մենք լավ գիտենք խաղաղության գինը, գիտենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Ես վստահ եմ, որ մեր երկրների միավորմանը մեզ կբերեն հաշտեցման ճանապարհը, վերադարձը մեր եղբայրական հարաբերություններին, խզված կապերի վերականգնումն ու խաղաղ բանակցությունները: Ինչը, բնականաբար, ենթադրում է հաշվի առնել աբխազների շահերը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ 1992-ի օգոստոսի 14-ը Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից է եղել:
Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992-ի օգոստոսի 14-ին: Պատերազմը տևել է 13 ամիս 13 օր: Դրա հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստական, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվել են, Թբիլիսին կորցրել է Աբխազիայի նկատմամբ վերահսկողությունը: