Նիգերիայի հյուսիսարևելյան ոչ մեծ քաղաքում «Բոկո Հարամ» արմատական խմբավորման զինյալներն առևանգել են մոտ 100 երիտասարդի: Ամենայն հավանականությամբ, իսլամիստները նրանց կստիպեն կռվել ահաբեկչական խմբավորման կողմից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
2014-ի հունվարից ահաբեկիչները գերի են վերցրել տեղի հարյուրավոր բնակիչների և սպանել 2053 մարդու: Ծայրահեղականները խոստացել են աղջիկներին որպես ստրուկ վաճառել կամ բռնի ամուսնացնել: Մայիսի 26-ին Նիգերիայի իշխանությունները հայտնել են, որ գիտեն գերիների գտնվելու վայրը: Սակայն գերիները մինչ օրս ազատ չեն, միայն նրանցից ոմանք կարողացել են փախչել:
«Բոկո Հարամը» Նիգերիայում գործող արմատական իսլամիստական խմբավորում է, հանդես է գալիս հօգուտ երկրի ամբողջ տարածքում շարիաթի ներդրման և արևմտյան ազդեցության դեմ պայքարի: Խմբավորումը կանգնած է Նիգերիայում իրագործված ահաբեկչությունների մեծ մասի հետևում: Վերջերս ծայրահեղականները սկսել են պարբերաբար հարձակվել կրոնական համայնքների առաջնորդների և խաղաղ բնակիչների վրա:










































