ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում պահանվում է «նարնջագույն հեղափոխությունների» հնարավորությունը, և դա վտանգավոր է Ռուսաստանի համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Դինամիկայի մեջ են նաև Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի իրադարձությունները, և մենք նույնպես դրանց բախվում ենք մշտապես: Դրանք (սպառնալիքները) վտանգ ներկայացնո՞ւմ են մեզ համար: Այո, ներկայացնում են: Մոտ ապագայում այդ հարցին ուշադրություն կդարձնենք»,- ասել է Պատրուշևը նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց հետ հադիպման ժամանակ:
Պատրուշևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կվերահսկի Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում հակամարտություների ընթացքը:
«Մենք չենք կարող ասել, թե մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է: Ոչ, մեզ մոտ այդ գործընթացները կշարունակվեն: Մենք պետք է դրանք վերահսկենք, հետևենք դրանց և համարժեք արձագանք տանք»,- ասել է նա:
ՌԴ ԱԽ քարտուղարը հավելել է, որ ընդդիմադիրների չհամաձայնեցված ակցիաները ցրելուն ուղղված ռուս ոստիկանների գործողությունները կոռեկտ է համարում:
«Տեսեք, թե ինչպես է մեր ՆԳՆ-ն վարվում, և թե ինչպես են ընդդիմադիրների հանրահավաքները ցրում արտերկրում: Մեզ վրա ուշադրություն են դարձնում՝ ասելով, որ մենք ինչ-որ մեկին ձերբակալել ենք: Այո, ձերբակալել ենք, և ի՞նչ: Իսկ ինչպիսի՞ միջոցների են դիմում այնտեղ: Դրա մասին խոսում են միայն մեկ տողով»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը: