ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի (Միսուրի նահանգ) ոստիկանությունը չորեքշաբթի երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել արդեն 4-րդ օրը շարունակվող բողոքի ակցիան ցրելու համար: Այդ գործողությունների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան՝ հայտնում է ITAR-TASS-ը: Փողոց են դուրս եկել տեղի բնակիչները, որոնք վրդովված են անցած շաբաթ օրը սևամորթ դեռահասի սպանությունից:
Քաղաքային իշխանությունները թույլատրել են ցերեկը երթի անցկացումը, սակայն երեկոյան դրա մասնակիցների մի մասը՝ 100-ից ավելի մարդ, հրաժարվել են ազատել կենտրոն տանող փողոցը: Մարդիկ պահանջում են իրենց ասել այն իրավապահի անունը, որը կրակելով սպանել է 18-ամյա Մայքլ Բրաունին: Ոստիկանության վարչությունում հրաժարվում են դա անել՝ իրենց աշխատակցի անվտանգության նկատառումներով:
Բրաունը սպանվել է անցյալ շաբաթ՝ օգոստոսի 9-ին, իրավապահի հետ ընդհարման ժամանակ: Քանի որ երիտասարդը զինված չի եղել, տեղի իրավապաշտպանները ոստիկանությանը մեղադրում են ուժի անհամաչափ կիրառման մեջ: Իրավիճակը թեժացնում է նաև այն, որ Ֆերգյուսոնի բնակչության 70%-ն աֆրոամերիկացի է:










































