Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնին, որը տեղակայված է Նյու Յորքում: Գումարի բանկային կտրոնը համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է հանձնել ԱՄՆ-ում թագավորության դեսպան Ադել բին Ահմեդ Ալ-Ջուբեյրը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Սաուդցի դիվանագետը լրագրողներին հայտարարել է, որ իր երկիրը տուժել է ահաբեկչությունից և ոչինչ չի խնայի դրա դեմ պայքարի համար: Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նվիրատվությունն անվանել է ժամանակին:
«Վերջին շրջանում ահաբեկչության աճն աշխարհի մի շարք երկրներում ու տարածաշրջաններում, որն առավել վառ դրսևորվում է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության տեսքով, վկայում է մեր առջև կանգնած մարտահրավերների լրջության մասին»,- ասել է Պան Գի Մունը:
Նա այլ երկրներին կոչ է արել հետևել Սաուդյան Արաբիայի օրինակին:
Հիշեցնենք, որ հուլիսին Սաուդյան Արաբիան 500 մլն դոլար էր հատկացրել ՄԱԿ-ին՝ իրաքցի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:









































