Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է մարդասիրական փոխգործակցությանը, ինչպես նաև երկրների միջև առևտրում «արհեստական խոչընդոտների» վերացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ «նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, մասնավորապես՝ առևտրում արհեստական խոչընդոտների վերացումը»:
Բացի այդ, Լուկաշենկոն և Պորոշենկոն ուշադրություն են դարձրել մարդասիրական հարցերի լուծմանը նպաստող միջազգային երկխոսություն սկսելու համատեղ ջանքերին:
Անցած շաբաթ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մինսկն ու Կիևը հրաժարվել են փոխադարձ առևտրում սահմանափակումներից:
Ավելի վաղ Ուկրաինայի միջազգային առևտրի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը որոշում էր ընդունել օգոստոսի 19-ից չեղյալ հայտարարել բելառուսական մի շարք ապրանքների համար հատուկ տուրքերի գանձումը: Տուրքերը սահմանվել էին ի պատասխան Բելառուսի որոշման՝ Մաքսային միության սահմաններից դուրս մի շարք ապրանքների ներմուծումը լիցենզավորելու մասին:









































