Նյու Յորքի հայտնի Բրուքլինյան կամրջի դրոշները սպիտակով փոխարինելը եղել է ոչ թե բնակիչներին վախեցնելու փորձ, այլ ստեղծագործական նախագիծ: Այս մասին ասվում է The New York Times պարբերականի կայքում:
Բեռլինից երկու նկարիչներ՝ Միշա Լյանքաուֆը և Մատիաս Վերմկեն, հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել են, որ կամրջի աշտարակների վրա իրենք են փոխել կամրջի դրոշները: Որպես ապացույց նրանք ներկայացրել են սպիտակ դրոշների լուսանկարները և տեսագրություններ՝ արված աշտարակի գագաթից: Նկարիչներն ընդգծել են, որ ընդհանրապես չեն ցանկացել վախեցնել քաղաքի բնակիչներին և շատ են զարմացել, երբ իշխանությունները դա համարել են հանցագործություն և որոշել են ձերբակալել հանցագործներին:
Նրանց խոսքերով՝ գերմանացի ճարտարապետի նախագծած կամուրջը մի վայր է, որտեղ կարելի է կյանքի կոչել գեղեցիկի մասին երազանքները:
Բացի այդ, ինչպես նրանք են նշել՝ դրոշները ամբողջությամբ սպիտակ չէին և չեն խորհրդանշել կապիտուլյացիա: Դրանք պատրաստել են սպիտակի տարբեր երանգներ ունեցող երկու կտորներից, և դրանց վրա կարելի է տարբերել աստղերի և գծերի ուրվագծերը:







































