Apple-ի թրենինգային ծրագիրը, որն առավել հայտնի է որպես Apple-ի համալսարան, հնարավորություն է տալիս սովորել ԱՄՆ առաջատար համալսարանների դասախոսներից: Այս մասին գրում է The New York Times-ը:
Apple-ում մեկամյա ուսուցման կենտրոնը 2008թ. ստեղծել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Սակայն Apple-ի աշխատակիցների համար ուսուցման կրթական ծրագրերի բնույթը մինչ օրս գաղտնի էր պահվում:
The New York Times-ի տվյալներով՝ Apple-ի համալսարանում ուսուցումը հիմնված է 4 հիմնական հասկացության վրա՝ արվեստ, պարզություն, ֆունկցիոնալություն և գեղեցկություն: Կուրսերը պարտադիր չեն, սակայն դրանց մեծ մասը լեփ-լեցուն են՝ ասում են թերթի աղբյուրները: Կուրսի ընտրությունը կախված է աշխատակցի հմտություններից և ընկերությունում նրա աշխատանքից:
Ուսուցման սկզբունքներից է, օրինակ, Apple-ի արտադրանքների մշակումների համեմատությունը Պաբլո Պիկասոյի «Ցուլը» վիմագրության հետ: Ցուլի 11 պատկերից կազմված ստեղծագործության մեջ Պիկասոն աստիճանաբար հեռացնում է անէական մանրուքները, սակայն նույնիսկ վերջին վիմագրության մեջ կարելի է տեսնել ցուլին: Այս օրինակով Apple-ն աշխատակիցներին սովորեցնում է, որ ֆունկցիոնալությունը և գեղեցկությունը գալիս են պարզությունից:
Կուրսերից մեկը մասնագիտանում է տեխնոլոգիաների և Apple-ի գործող ինֆրակառուցվածքից ընկերության գնած ապրանքների ինտեգրման մեջ:
Մեկ այլ կուրս սովորեցնում է հստակ շարադրել գաղափարները և դրանցով փոխանակվել ստորաբաժանումների միջև: Իսկ կուրսերից մեկը կոչված է բացատրելու, թե ինչն է Apple-ին հաջողակ ընկերություն դարձնում:
Ուսուցումն անցկացվում է ընկերության գլխավոր գրասենյակում՝ Կուպերտինոյում (Կալիֆոռնիա նահանգ), սակայն Apple-ի համալսարանի դասախոսները պարբերաբար արտագնա թրեյնինգներ են անցկացնում ԱՄՆ սահմաններից դուրս ընկերության գրասենյակներում:







































