Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստն արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը: Օգոստոսի 10-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպման մասին Karabakh-open.info գործակալության հարցին ի պատասխան՝ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Ըստ նախարարի, ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի և խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:
«Կարևոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաև Ադրբեջանի նախագահի՝ Բաքու վերադառնալուց հետո»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը:
Նա նաև հավելել է, որ «ԼՂՀ իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման և հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում»: