Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է, որ Իրաքում բռնությունն ու պառակտումը վիրավորում են Աստծուն և մարդկությանը, և կոչ է արել աղոթել հակամարտության զոհերի համար:
«Նորություններն Իրաքից մեզ մոտ տագնապ և շփոթություն են առաջացնում»,- ասել է հովվապետն իր ուղերձում, որը հեռարձակել է Վատիկանի ռադիոն: «Հազարավոր մարդիկ, որոնց թվում կան բազմաթիվ քրիստոնյաներ, դաժանորեն հալածվել են իրենց տներից, երեխաները փախուստի ժամանակ մահանում են սովից ու ծարավից, կանայք առևանգվել են, բազմաթիվ մարդիկ՝ սպանվել, ամենուր բռնություն և ավերածություն է: Այդ ամենը խորապես վիրավորում է Աստծուն և մարդկությանը»,- ասել է պապը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Իրաքում աշխատող կամավորներին և ասել է, որ իր դեսպանորդ, կարդինալ Ֆերնանդո Ֆիլոնին օգոստոսի 11-ին Իրաք կուղևորվի՝ Սուրբ գահի օրհնությունը փոխանցելու համար:










































