Իրաքում և Սիրիայում հակամարտության սրման գլխավոր պատճառը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքական սխալներն են: Այս մասին Atlantic ամսագրում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Քլինթոնի կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է ավելի վճռականորեն աջակցեր չափավոր ընդդիմության ուժերին Սիրիայում հակամարտության ամենասկզբից: Քլինթոնի խոսքով՝ այդ դեպքում նախ Սիրիայում, հետո նաև Իրաքում զգալիորեն չէր ավելանա ծայրահեղականների , մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման ազդեցությունը:
«Վակուումի ձևավորմանը, որը հիմա լրացրել են ջիհադականները, հանգեցրել է այն մարդկանցից արդյունավետ ռազմական ուժեր ստեղծելու անկարողությունը, ովքեր սկսել են բողոքները (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի դեմ, նրանց թվում սկզբում եղել են և իսլամիստներ, և ապակրոնականացման կողմնակիցներ, և միջանկյալ դիրք գրավող անձինք»,- նշել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները «հաճախ անվերահսկելիորեն զենք են ստացել այլ ուժերից», և ԱՄՆ-ը հնարավորություն չի ունեցել ազդելու նրանց և այդ գործընթացների վրա:







































